Ռեհան կամ շահասպրամ (լատ.՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։
ՀՀ բոլոր մարզերում տարածված է ռեհան մշակովին (O. basilicum)։ Միամյա է։ Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում։